Ինթելինէյրն օգտագործելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարբեր մոդելներ, տրամադրում է գյուղատնտեսական մշակաբույսերի դաշտերի ավտոմատացված վերլուծություններ՝ դրանց բերքատվության, առկա խնդիրների բացահայտման համար, հնարավորություն տալով մասնավոր գյուղատնտեսներին հիմնավորված որոշում կայացնել դաշտերի ցանքի և դրանց հետագա մշակմանը:
Ag-Mri-ը հավաքում, վերլուծում է տվյալներ տարբեր սարքավորումներից: Oդանավերից, արբանյակներից և ԱԹՍ-ներից ստանալով բարձր կետայնությամբ նկարներ, վերլուծելով դրանք, ֆերմերների սմարթֆոններին տրամադրվում են ծանուցումներ՝ ակտիվ կանխատեսումների տեսքով, որոնք հնարավորություն են տալիս նրանց միջամտել բերքի մշակմանը, դասեր քաղել հաջորդ սեզոնի համար և որոշել կայուն, ճշգրիտ հողագործության վարման հնարավոր հետագա ուղիները:
Ինչպե՞ս է այն ստեղծվել, ի՞նչն է մոտիվացրել հիմնադիրներին
Ինթելինէյրը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են Ալ Եսայանը (ամերիկահայ գործարար և ներդրող, Հայաստանում հիմնադրված մի շարք startup-երի հիմնադիր) և Նաիրա Հովակիմյանը (հայ գիտնական, կառավարման տեսաբան, Իլինոիսի համալսարանի Մեխանիկայի և տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր):
Մեր ընկերության առաքելությունն է վերափոխել համաշխարհային գյուղատնտեսությունը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: Հետևելով մեր առաքելությանը, մեր տեսլականն է լուծել տարեցտարի մոլորակի բնակչության աճին զուգահեռ ահագնացող համաշխարհային սովի խնդիրը:
Ինթելինէյրի հայաստանյան թիմը սկսել է հավաքագրվել 2016 թվականից: Այս 5 տարիների ընթացքում Ինթելինէյրի մեկ գաղափարի և առաքելության շուրջ հավաքվել են 35-ից ավելի մարդիկ՝ ծրագրավորման, մեքենայական ուսուցման, որակի վերահսկման պրոֆեսիոնալներ, ովքեր ոչ միայն կերտում են պրոդուկտի հաջողության ուղին, այլ նաև օգնում են մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերել թիմի սկսնակ անդամներին:
Որպես ագրոտեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք տեխնոլոգիական լուծումների կարևորությունը ժամանակակից գյուղատնտեսթյունում։
Տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության մեջ միակ իրատեսական ուղին է մեր մոլորակի, այդ թվում Հայաստանում, պարենային պաշարների մեծացման, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման համար: Անցումն արդի տեխնոլոգիաներին մեր գյուղատնտեսներին կօգնի տերեցտարի մեծացնել ստացվող բերքի քանակը, ինչպես նաև բարելավել բերքի որակը, որն էլ հետագայում խթան կհանդիսանա նոր շուկաների դուրս գալու, ֆինանսական և տնտեսական նոր ձեռքբերումներ ունենալու հարցում:
Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ ստարտափ թիմերին, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն, ինչից պետք է զգուշանան և ինչպես պետք է մնան մոտիվացված։
Մեզ մոտ չկան ընկերության աշխատակիցներ, մենք բոլորս թիմակիցներ ենք, ովքեր համախմբվել են կոնկրետ մեկ խնդիր շուրջ և համատեղ գիտելիքներով, փորձի փոխանակմամբ ստեղծում ենք գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական պրոդուկտ: Մեզ մոտ շատ կարևոր է ընկերության հանդեպ այսպես կոչված ownership- ի գաղափարը, ըստ որի թիմի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է պրոդուկտի լիիրավ սեփականատեր և մոտիվացված է պրոդուկտի յուրաքանչյուր նոր հաջողությամբ: Հենց այսպիսի մոտեցում ենք առաջարկում որդեգրել բոլոր թիմերին։
Ամփոփելով կարող ենք նշել, որ գյուղատնտեսությունը և ագրոթեքը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից է, որի զարգացումը դիտվում է որպես գերակայություն և դա է պատճառը, որ տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ նպատակ ունի բարելավելու արտադրական պրոցեսներն, արտադրողականությունը, բերքատվությունը, ֆերմերիների շահութաբերությունը և այլն։ Բարձր տեխնոլոգիաները և գյուղատնտեսական գիտությունը Հայաստանի վաղվա օրվա երաշխիքներից են։
Անուշ Խաչատրյան – Ինթելինէյր Էյէմ ՓԲԸ, ՄՌԿ Մասնագետ
Եթե դուք նույնպես ցանկանում եք կերտել ձեր հաջողության պատմությունը, դիմեք Ագրոտեխնոլոգիական Ինկուբատորի 4-րդ շրջափուլին մասնակցելու համար: Հայտերը բաց են մինչև օգոստոսի 25-ը։
Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։