Մեր մասնակիցները․ NU FarmTech

Ստարտափի նպատակն է ունենալ խելացի ջերմատուն՝ կազմված 2 մասից․ ծրագրային և ապպարատային (Software and Hardware)։ Լուծումը նախատեսված է ցանկացած չափի ջերմոցային տնտեսությունների համար, սակայն համակարգի լիարժեք կիրառումը  նպատակահարմար է 600քմ և ավել չափով ջերմատների համար։
Ավտոմատացված ջերմատուն ունենալը տալիս է հնարավորություն նվազեցնել սպասարկման ժամանակ ու ռիսկերը, մեծացնել տնտեսության արդյունավետությունը։

Ներկայիս դրությամբ ունենք 80քմ տարածքով լաբորատորիա՝ լիովին ավտոմատացված և հագեցած վերջին սերնդի ջերմատներին համապատասխան ապպարատային և ծրագրային ապահովմամբ։ Ապագայում  նախատեսում ենք ծրագրային հավելվածում ունենալ կանխատեսումներ և հուշումներ, որի համար օգտագործելու ենք արհեստական բանականություն(AI)։ Նաև նախատեսում ենք ավտոմատացնել վնասատու միջատների քանակի հաշվարկը և դրա հիման վրա առաջարկել համապատասխան բուժում, որի հիմքում նույնպես ընկած կլինի արհեստական բանականությունը։

Ինչպե՞ս եք որոշել ստեղծել ստարտափը, ի՞նչն է ձեզ մոտիվացրել:

Ես՝ Վիգենս, մեծացել եմ գյուղում և առերեսվել եմ ջերմատանն առկա բոլոր խնդիրների հետ։ Հետագայում, աշխատելով արտադրական պրոցեսի ավտոմատացման և ծրագրավորման բնագավառներում, հասկացել եմ, որ կարելի է մեծ ներդրում ունենալ ջերմատնային կառավարման ավտոմատացման մեջ։ Գաղափարի շուրջ համախմբել եմ ընկերներիս և սկսել ուսումնասիրել իրականացման հնարավոր տարբերակներն ու խնդիրները։

Հատկանշական է այն, որ մենք գաղափարի փուլում ստացել ենք առաջին ֆինանսական աջակցությունը և ձեռք բերել առաջին գործընկերոջը, ինչն էլ ավելի է մոտիվացրել մեզ։

Արդյոք ունեցել եք խնդիրներ ստարտափը առաջ տանելուց։ Եթե այո, նշեք մի քանիսը և նշեք թե ինչպես եք հաղթահարել դրանք։

Բնականաբար խնդրիների պակաս չենք ունեցել։ Դրանց մի մասը հաջողությամբ լուծել ենք, մյուս մասի լուծումը դեռ ընթացքի մեջ է։

Օրինակ, չէինք կարողանում գտնել ջերմատուն կառուցող, քանի որ փոքր ծավալի ջերմատան կառուցումը ոչ մի մասնագիտացված ընկերությանը հետաքրքիր չէր։ Խնդիրը լուծել ենք սեփական ուժերով։ Նաև մեծ խնդիր էր հովացման համակարգի ձեռքբերումը, կրկին պայմանավորված ջերմանտան չափերով։ Ներկայիս մեծագույն խնդիրը գյուղատնտեսի(agronomist) բացակայությունն է։

Ինչու՞ եք որոշել մասնակցել ինկուբացիոն ծրագրերին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք

Tech Week Artsakh-ի շրջանակներում ծանոթացել եմ պրն․ Ուռուտյանի հետ, ում խորհրդով էլ որոշել ենք մասնակցել ինկուբացիոն ծրագրին։ Ծրագրին մասկանցելով՝ ակնկալում ենք մասնագիտական գիտելիքի և գյուղատնտեսության ոլորտում կապերի ընդլայնում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն՝ ծրագրային ապահովման սերվերի և մի քանի համակարգիչ ձեռք բերելու համար։
Ակնկալիքներից է նաև գյուղատնտես գտնելու հարցում ուղղորդումը։

Իմ պատկերացմամբ ագրոթեքը ունենալու է առարկայական ազդեցություն գյուղատնտեսական տեխնոլոգիաների բարելավման գործում։

Վիգեն Ստեփանյան – NU FarmTech, Գործադիր տնօրեն


Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կիսվեք ձեր ընկերների հետ